ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։️
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարարի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Հիշեցնենք` հունվարի 31-ին Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանն այս գործով փետրվարի 1–ին կալանավորվեց 2 ամսով։ Այսօր հայտնի դարձավ, որ փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոց է կիրառել տնային կալանքը։
Այս գործով երկու ամսով կալանավորվել է նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։