Երևանում պղծել են շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողը. Ֆեֆիլովը դիմել է դատախազին

Շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողը. Արխիվային լուսանկար
Ռուսական տան ղեկավարը անթույլատրելի է համարել ազգամիջյան տարաձայնություններ հրահրող և այլատյացության հիմքով բռնության կոչ անող գործողությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով:
Երեկ ոմն Սամվել Շիրինյանի տեսանյութ էր հայտնվել սոցցանցերում, որում երևում էր, թե ինչպես է նա հուշարձանի մոտից պոկում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք, ապա գցում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները:
Հունվարի 26-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին: Հուշակոթողին ծաղկեպսակներ, ծաղիկներ էին խոնարհել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, վետերանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Երևանի դպրոցների աշակերտները:
«Անթույլատրելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան երկպառակտություն են հրահրում և այլատյացության հիման վրա բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած արտահայտությունների նկատմամբ», - նշել է Ֆեֆիլովը:
Շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողը Երևանում
ԱՊՀ գործերով Դաշնային գործակալությունների, արտերկրում բնակվող հայրենակիցների անունից և միջազգային հումանիտար համագործակցությամբ նա խնդրել է Աննա Վարդապետյանին ստուգում անցկացնել և իրավական գնահատական տալ Սամվել Շիրինյանի գործողություններին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելով: