Երևանի շտապ բուժօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել մոպեդով

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Այս պահին Երևանում աշխատում է 43 շարժակազմ, այնինչ բնակչության թվի համեմատ անհրաժեշտ է 53-ից 55-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Երևանի շտապ բուժօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել մոպեդով: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
«Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու` համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կվարեն մոպեդ, ինչպես նաև չափորոշիչները փոխելու»,– ասաց նա։
Դավիթ Կարապետյանը մանրամասնեց, որ մոպեդով շտապօգնության ծառայություն մատուցողները ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին կարձագանքեն, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում։
Նա տեղեկացրեց, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում անհրաժեշտ է 53-55 շարժակազմ։
«Այս պահին Երևանում աշխատում է 43 շարժակազմ, ուստի դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով»,– ասաց նա։
Անդրադառնալով 2024 թ–ի հունվարի առաջին 18 օրվա տվյալներին` նա հայտեց, որ իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:
Ինչ վերաբերում է ուշացումներին, ապա 19595 կանչից 1829–ը եղել են ուշացումով, այսինքն` 9.5 տոկոսը։ Նա տեղեկացրեց, որ ուշացումները հիմնականում երեկոյան ժամերին են լինում` քաղաքի ծանրաբեռնվածության պատճառով։