Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին և հրավիրել Հայաստան

Գաբրիել Ատալ
Շնորհավորական ուղերձում ընդգծվել է, որ ՀՀ–ն բարձր է գնահատում Ֆրանսիայի հետևողական ջանքերը մեր երկրի կողմից դիմագրավվող աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման գործընթացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալին և պաշտոնական այցով հրավիրել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Իր շնորհավորական ուղերձում Փաշինյանը շնորհավորել է Ատալին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ:
«Վկայակոչելով հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամությունն ու առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման օրոք մեր կառավարությունները նոր եռանդով կփոխգործակցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցությունն առավել խորացնելու համար»,– նշված է վարչապետի ուղերձում։
Փաշինյանը նաև նշել է, որ հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021–2026 թթ. ճանապարհային քարտեզն այդ նպատակին ծառայող արդյունավետ գործիք է:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր հետևողական ջանքերը մեր երկրի կողմից դիմագրավվող աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում։ Խորապես շնորհակալ եմ Հայաստանին առնչվող հարցերի հանդեպ Ձեր մշտական ուշադրության և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ջերմ բարեկամական վերաբերմունքի համար»,– ընդգծել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ հունվարի 9–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նախկին ղեկավար Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո վարչապետ է նշանակել 34-ամյա Գաբրիել Ատալին: Նա Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է, մինչ այս նշանակումը ղեկավարում էր կրթության նախարարությունը։