ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը ցնցված է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից։ Տեղեկությունը հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ։ Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 103-ի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Հիշեցնենք` 2020թ. հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի ոչնչացման գործողություն իրականացրեց Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում: Վաշինգտոնում համարում էին, որ նրանք մասնակցել են 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպմանը։ Իրանը ի պատասխան հարվածներ հասցրեց Իրաքի ամերիկյան ռազմակայանին։