ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Իտալիայի պետական ոստիկանության առաջին շարժական վարչություն, որտեղ ներկայացվել են զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման վերաբերյալ մանրամասներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ցուցադրվել են օգտագործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները և սպառազինությունը, նաև վարչության շարժական խմբերի գործառույթները՝ ըստ ենթակայության»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ–ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում էր երկրի ՆԳ նախարարության հրավերով։
Պատվիրակությանն ընդունել է ոստիկանական ուժերի համակարգման և պլանավորման գրասենյակի ղեկավար Անունզիատո Վարդեն։
Նա պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ ներդնելով ուժերը իրավապահ համակարգում։
Արամ Հովհաննիսյանն իր հերթին կարևորել է Իտալիայի հետ դեռևս 2010 թ. ստորագրված համաձայնագիրը հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ։
Ներկայացվել են նաև հասարակական կարգի և անվտանգության ծառայության գրասենյակի գործունեությունը, կառավարման իտալական մոդելը, հանրային միջոցառումների և դրանց անվտանգության ապահովման ուղղությամբ Իտալիայի ոստիկանությունում գործող հոգեբանական ծառայության գործառույթները։