ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեպի Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Վերին Լարսի վրացական կողմի՝ «Դարյալ» անցակետի տեղեկատվական համակարգում տեխնիկական խնդիրների վերացումը, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Վլադիկավկազ-Լարս հատվածով թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով՝ մինչև հետագա ծանուցումը ըստ անհրաժեշտության»,–հայտնել է Հակոբյանը:
Հիշեցնենք` Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը հայտնել էր, որ Վրաստանի սահմանային վարչության խնդրանքով դեկտեմբերի 7-ի ժամը 22.20 - ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ «Դարյալ» անցակետը (Վերին Լարսի վրացական կողմը) ժամանակավորապես դադարեցրել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ձևակերպումը։