Առանց լրացուցիչ օգնության Ուկրաինան կարող է պարտվել․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահն ավելի վաղ 106 մլրդ դոլար էր խնդրել Իսրայելին և Ուկրաինային օգնելու համար, սակայն Կոնգրեսում միանշանակ աջակցություն չի ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն բարձր է համարում այն ռիսկը, որ Ուկրաինան հակամարտությունում կպարտվի առանց ամերիկյան կողմի լրացուցիչ օգնության: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«Մեծ ռիսկ կա, որ Ուկրաինան կարող է պարտվել», – ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու որոշման հնարավոր բացակայությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 106 միլիարդ դոլար էր խնդրել Իսրայելին և Ուկրաինային օգնելու համար, սակայն Կոնգրեսում միանշանակ աջակցություն չէր ստացել: Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին, քվեարկել է միայն Իսրայելին օգնություն հատկացնելու օգտին, սակայն Սենատը, որը վերահսկում են դեմոկրատները, արգելափակել է այդ նախաձեռնությունը:
Ուկրաինային աջակցելը Արևմուտքի համար քարոզչական պարտադիր աշխատանք է դարձել․ «Իրականում»
Հարցումը պահանջում է Կոնգրեսի երկու պալատների հաստատում և նախագահի հետագա ստորագրություն: Ավելի վաղ Կիևին օգնելու համար հատկացված միջոցներն ավարտվում են, խոստովանել են վարչակազմում, այդ պատճառով էլ Ուկրաինային ուղարկվող սպառազինությունների փաթեթները նվազում են։