ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանք բնակավայրում նոյեմբերի 12-ին զենքի գործադրմամբ խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով 9 անձի նկատմամբ քրեկան հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքից մի քանի օր առաջ անօդաչու թռչող սարք (դրոն) գործարկելու հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել մեկ անձի և 24-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ վերջինս դեմքին ստացել է հարվածներ:
Այդ մասին երիտասարդը պատմել է 51-ամյա համագյուղացուն:
«Նոյեմբերի 12-ին` ժամը 18:00-ից 19:00-ի սահմաններում, նախօրոք գյուղ ժամանած իր ընկերների հետ նույն անձը հանդիպել է 24-ամյա Ա.Մ-ին, նրա 51-ամյա համագյուղացուն ու վերջինիս եղբորը, ապա շուրջ 10 հոգով ծեծի ենթարկել նրանց: Այդ ընթացքում նաև հնչել են կրակոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
24-ամյա երիտասարդն ու նույն գյուղի 51-ամյա բնակիչը ճանաչվել են տուժող:
Նոյեմբերի 13-ին ձերբակալվել են միջադեպի 7 մասնակիցներ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ և որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար նրանց ձերբակալելու վերաբերյալ։ Ոստիկանությանը տրվել է նշված 2 անձանց գտնելու և վարույթն իրականացնող մարմինին ներկայացնելու հանձնարարություն։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վերջիններիս ներկայացվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի գործադրմամբ խուլիգանություն), 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Նախաքննությունը շարունակվում է։