ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել Կարեն Իսրայելյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իսրայելյանը մինչ այս ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնակատարն էր։
Նախկինում նա եղել է ԵՄ–ում ՀՀ ներկայացուցչության փոխդեսպանը, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղարը, Իրանում ՀՀ դեսպանության կցորդը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ–ում։
Մինչ Իսրայելյանի նշանակումը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն էր Արմեն Բայբուրդյանը։ Նա պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին։ Դրանից հետո Իսրայելյանն էր կատարում գլխավոր հյուպատոսի գործառույթները։