ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորվել են, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին 4 ամսով կալանավորելու մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով, այդ թվում՝ ազգային թշնամանքի և ատելության դրդված ահաբեկչություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել էր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու համապատասխան հետաքննության համար», – գրել էր Բաբայանը։
Նա ընդգծել էր, որ իր չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը, լուրջ վնաս կհասցնի Արցախի բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ինքը՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չէր կարող դա թույլ տալ։
Նշենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկի պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։