ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. «Լուսին-25» ավտոմատ կայանը, նախնական հաշվարկներով, դադարել է գոյություն ունենալ՝ բախվելով Լուսնի մակերեսին։ Այս մասին լրագրողներին հայտնել են «Ռոսկոսմոս»-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Օգոստոսի 19-ին նախատեսված էր իմպուլսի ուղարկում՝ նախավայրէջքային էլիպսաձև ուղեծրի ձևավորման համար։
«Մոսկվայի դեկրետային ժամանակով մոտ 14։57-ին «Լուսին-25» տիեզերական սարքի հետ կապն ընդհատվել է»,-հայտարարել են պետական կորպորացիայում։
«Ռոսկոսմոսից» հայտնել են նաև, որ օգոստոսի 19-ին և 20-ին ապարատի որոնման և դրա հետ կապ հաստատելու քայլերը արդյունք չեն տվել։
«Նախնական վերլուծության արդյունքներով՝ իմպուլսի փաստացի պարամետրերի՝ հաշվարկային պարամետրերից շեղվելու պատճառով «Լուսին-25» տիեզերական սարքը դուրս է եկել չհաշվարկված ուղեծիր և Լուսնի մակերևույթի հետ բախման արդյունքում դադարել է գոյություն ունենալ»,-հայտարարել են պետկորպորացիայում։
Տիեզերական ապարատի կորստի պատճառները պարզելու հարցերով կզբաղվի հատուկ ձևավորվող միջգերատեսչական հանձնաժողովը:
Հիշեցնենք` «Սոյուզ 2.1բ» հրթիռը` 50 տարվա ընթացքում առաջին ռուսական լուսնային կայանով («Լուսին-25»), օդ էր բարձրացել օգոստոսի 11-ին Մոսկվայի ժամանակով 02.11-ին «Վոստոչնի» տիեզերակայանից։ Օգոստոս 12-ին և 14-ին սարքը հետագծի երկու շտկում էր կատարել։ Օգոստոսի 16-ին ավտոմատ կայանը դուրս էր եկել մերձլուսնային ուղեծիր։ Սարքի վայրէջքը նախատեսվում էր օգոստոսի 21-ին։