Չեխիայում՝ բանանի արկղերում 646 կգ կոկաին է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա Պրահայում. Արխիվային լուսանկար
Բանանների այս արկղերը Չեխիա են բերվել Էկվադորից Ամստերդամի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Ալբերտ» առևտրային ցանցի դիստրիբյուտորական կենտրոնում, որը Պրահայի մերձակայքում գտնվող Կլեցանի գյուղում է տեղակայված, հայտնաբերվել է 646 կգ կոկաին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Nova հեռուստաընկերությանը։
««Ալբերտ» առևտրային ցանցի դիստրիբյուտորական կենտրոնի աշխատակիցները բանանով լի արկղերը բեռնաթափելիս կասկածելի փաթեթներ են հայտնաբերել, ինչի առնչությամբ դիմել են ոստիկանություն։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ փաթեթներում թմրամիջոց է` կոկաին, ընդհանուր առմամբ 646 կգ»,– հեռուստատեսությանն ասել է թմրանյութերի դեմ պայքարի ազգային կենտրոնի մամուլի քարտուղար Լուցիա Շմոլդասովան։
Նրա խոսքով` թմրամիջոցի հայտնաբերված խմբաքանակը «սև շուկայում» մոտ 2 մլրդ կրոն արժե (90 մլն դոլար)։ Չեխիայում 1 գրամ կոկաինը անլեգալ վաճառվում է մոտ 136 դոլարով։ Կոկաինի այս խմբաքանակը Չեխիայում առգրավված թմրանյութերի խոշորագույն խմբաքանակներից է։ Բանանների այս արկղերը բերվել են Էկվադորից Ամստերդամի միջոցով։
Ինչպես հայտնում է Nova հեռուստաալիքը, ոստիկանությունը ամբողջ Չեխիայի տարածքով ««Ալբերտ» առևտրի ցանցի կենտրոններում քննություն է սկսել, բայց որևէ տեղ թմրամիջոց չի հայտնաբերել։