Որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս արտակարգ ռեժիմով․ Հարությունյան

Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահը կոչ է արել պետություններին ու միջազգային կազմակերպություններին հետևել Հայաստանի Հանրապետության օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դադարեցնել է հուլիսի 17-ին հայտարարած նստացույցը։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
«Համարելով, որ իմ նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում՝ որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով»,–նշել է Հարությունյանը։
Նրա խոսքով` իրենց հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Ըստ Արցախի նախագահի` այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձել է հուլիսի 24-ին կայացած հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենաառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նա հիշեցրել է, որ այդ ասուլիսում Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել:
Արցախը հայտարարում եմ աղետի գոտի. Արայիկ Հարությունյան
«Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը»,–նշել է Հարությունյանը:
Նա կոչ է արել այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջին հերթին՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետևել Հայաստանի Հանրապետության օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար օգնություն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
«Նաև մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն»,–նշել է նա։
Հարությունյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին տեղի կունենան այլ հանդիպումներ ու միջոցառումներ, որոնք շոշափելի արդյունքներ կապահովեն աղետալի իրավիճակի վերացման հարցում:
«Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում ու հորդորում ենք հետևողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ու Եվրոպական Միության նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցներն ուշադրություն հրավիրելու և հրատապ գործողության մղելու նպատակով»,– նշել է Արցախի նախագահը:
Հիշեցնենք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17–ին միացել էր Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակի նստացույց անողներին։