Հայաստանը ողջունում է Կանադայի` ԵՄ դիտորդական առաքելության մաս դառնալու որոշումը. ԱԳՆ

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանը ողջունում է Կանադայի նախաձեռնությունը` միանալ Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` գերատեսչության Twitter–ի միկրոբլոգում։
«Մենք սա դիտարկում ենք որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում»,– ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։
Հիշեցնենք` Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն, ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: