Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Երևանում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով, հայտնում են քաղաքապետարանից:
Լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:
«Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները: Միմյանց ջրելու ավանդույթը Երևանի հանգստի գոտիներում համախմբել էր նաև քաղաքի հյուրերին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: