ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ, եղել են սահմանային անցակետերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Սահմանային այդ անցակետերում հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
«Հովհաննիսյանը և Բաբայանն այցելել են նաև ոստիկանության զորքերի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։ Ոստիկանապետը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի բաժինների ծառայողների հետ: Հանդիպումներին ներկա եղել նաև Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմը»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ, անդրադարձել հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին և հանձնարարել ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։
Անդրադարձ է եղել նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։