29 800 քառ․ կմ-ի մեջ Արծվաշենը ևս մտնում է․ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ըստ Նիկոլ Փաշինյանի, Արծվաշենը պետք է վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, իսկ մյուս անկլավները վերադարձվեն Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառ․ կմ-ով, դրա մեջ ներառվում են նաև, այսպես կոչված, ադրբեջանական անկլավները։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Արծվաշենը մտնում է ՀՀ 29 800 քառ․ կմ մեջ։
«Մենք էլի ասում ենք՝ սա քաղաքական դիրքորոշում է, սակայն հարցի իրավական պահը դեռ պետք է դիտարկել»,- ընդգծեց նա։
Ըստ Փաշինյանի՝ անկլավների հետ կապված տարբերակները մի քանիսն են։ Դրանցից մեկն, օրինակ, եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա գծված գծի երկու կողմում գտնվող տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում եղել են՝ տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով։
«Տարընթերցումների առիթ չտալու համար անհրաժեշտ է չափել, թե ինչքան է Արծվաշենի տարածքը և, ըստ այդմ, անել ամեն ինչ հավասարության սկզբունքի հիման վրա։ Կամ մյուս տաբերակով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, համապատասխանաբար, Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, որոնք, իհարկե, դե յուրե կհիմնավորվեն»,- նկատեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի՝ 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
«29 800 թիվն արձանագրված է նաև Սովետական Միության հանրագիտարանի մեջ։ Ինչու եմ վկայակոչում հանրագիտարանը, քանի որ և հանրամատչելի է, և պաշտոնական է։ Դա չի նշանակում, որ այդ թվի միակ հիմնավորումը հանրագիտարանն է, ես ուղղակի աղբյուրի հղում եմ անում։ Այդ թվի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը չկան»,- ավելացրեց Փաշինյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանազատման շրջանակներում քննարկվում է Ադրբեջանին ութ անկլավի վերադարձնելու հարցը, որոնք Բաքուն համարում է Տավուշի մարզի 7 գյուղը և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։
86,6 հազար քառակուսին ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան