Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով 2022–ին եղել է 4-րդն աշխարհում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2023-ի առաջին եռամսյակի արդյունքներով` Հայաստանը շարունակում է երկնիշ տնտեսական աճի ցուցանիշ ունենալ։
Sputnik
2022 թվականի արդյունքներով` Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով 4-րդն է աշխարհում: Այսօր ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամփոփելով 2022 թ–ը`նա հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ։ Ինչ վերաբերում է հարկային եկամուտներին, ապա դրանք 2022 թվականին 2017-ի համեմատ աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով, այսինքն` 66.3 տոկոսով։
«2022 թ–ի դեկտեմբերին մենք արձանագրել ենք գրանցված աշխատատեղերի պատմական ցուցանիշ` 704 հազար աշխատատեղ։ 2022–ի արդյունքներով` մենք ունենք 13 տոկոս գործազրկություն, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է»,–հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով 2023-ի առաջին եռամսյակի արդյունքների մասին` վարչապետն ասել է, որ արդյունքները քաջալերող են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանը շարունակում է գտնվել երկնիշ տնտեսական աճի ցուցանիշի մեջ։ Առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է 10 տոկոսից, իսկ պետական բյուջեի եկամուտները 2017 թ–ի համեմատ կրկնապատկվել են։
Moody’s–ը վերահաստատել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության վարկանիշը
«Այս ցուցանիշների հետ մենք ունենք տնտեսական մարտահրավերներ։ Մեզ համար խնդիր է ավելի արդյունավետ հավաքագրել եկամուտները և նույնքան կարևոր խնդիր է արդյունավետ ծախսումներ իրականացնել։ Ցավոք, մենք չենք կարող ասել, որ կապիտալ ծախսերի հատվածում մենք հասել ենք մեր ակնկալած արդյունավետությանը»,– նշել է ՀՀ վարչապետը։
Այս առումով, ըստ վարչապետի, շատ կարևոր է, որ այս արդյունքներով որոշակի եզրակացություններ արվեն։