ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կվարի իշխանության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Այցի ընթացքում` ապրիլի 6-7-ը, ՌԴ ԱԳ նախարարը կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ ու կքննարկի երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, էներգետիկան և զբոսաշրջությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը:
Նախարարները նաև տեսակետներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի ու դրա խաղաղ կարգավորման վերաբերյալ, կքննարկեն հացահատիկի գործարքը, որը մարտի կեսերին երկարացվել է 60 օրով, ինչպես նաև միջազգային տնտեսական օպերատորների համար ռուսական գյուղմթերքների և պարարտանյութերի հասանելիության ապաշրջափակումը:
Նրանց ուշադրության կենտրոնում կլինի նաև Մոսկվայում մեկնարկած թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը. ապրիլի 3-4-ը տեղի են ունեցել քառակողմ խորհրդակցություններ փոխարտգործնախարարների մակարդակով, քննարկվել է արտգործնախարարների մակարդակով նման ձևաչափով հանդիպման նախապատրաստումը:
Առանձին թեմա կդառնա Ռուսաստանի մասնակցությամբ «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումը. ապրիլի 27-ին տեղի կունենա երկրի առաջին ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությունը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր այդ օրը Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի մասին:
«Աքքույու Նուկլեար» նախագծային ընկերությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ վառելիքի ներկրման պահից ԱԷԿ-ը կդառնա միջուկային օբյեկտ, իսկ Թուրքիան՝ ատոմային էներգետիկա ունեցող երկիր: