ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Գյումրիում անցկացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու համատեղ ցուցադրական մարտավարական վարժանքները: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Միջոցառման պլանի համաձայն ՝ մշակվել է երկաթուղում արտակարգ իրավիճակների երեք սցենար։
«Առաջին սցենարով Գյումրի քաղաքում երկաթուղային վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ուղևորատար վագոններից մեկում: Երկրորդ սցենարը ենթադրում էր ամոնիակի արտահոսք երկաթուղային ցիստեռնից։ Երրորդ սցենարը ենթադրում էր վառելանյութով ցիստեռնի բռնկում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարժանքներին ներգրավված են եղել Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները և ՀԿԵ «Հրդեհաշիջման և վերականգնման գնացքներ» ձեռնարկության, շտապօգնության, ոստիկանության, «Վեոլիա ջուր» և «Էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները։
ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը նշել է, որ վարժանքները հաստատել են ԱԻՆ փրկարար ծառայությունների և բուն ընկերության պատրաստվածության բարձր մակարդակը։
Նա վստահություն է հայտնել, որ նման վարժանքների պարբերական անցկացումը նպաստում է արտակարգ իրավիճակների դեպքում փրկարար ծառայությունների պատրաստվածության բարձրացմանը։