ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս բարելավել 9 բալանոց համակարգը. Շահինյանը` խախտումների և տուգանքների մասին

«Ճանապարհային անվտանգություն» ՀԿ նախագահ Պողոս Շահինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարորդների համար նախատեսված 9 բալանոց տուգանային միավորների համակարգին, խոսել դրա թերությունների, առավելությունների և այդ կարգը բարելավելու ուղիների մասին։
Sputnik
ՀՀ-ում մարդիկ շարունակում են վարել մեքենան` անտեսելով խախտումների համար նախատեսված տուգանային 9 բալն արդեն սպառած լինելու փաստը։ «Ճանապարհային անվտանգություն» ՀԿ նախագահ Պողոս Շահինյանը կարծում է, որ սա ավելի շատ վատ տեղեկացված լինելու արդյունք է։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող վարույթների ճնշող մեծամասնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք շարունակում են վարել տրանսպորտային միջոցը՝ անտեսելով, որ իրենց վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցված է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանային առավելագույն 9 բալերի քանակն անցնելու պատճառով։

«Բնականաբար կան նաև վարորդներ, որոնք բացահայտորեն անտեսում են 9 բալանոց համակարգով նախատեսված տուգանային միավորները սպառելու հանգամանքը` առանց նույնիսկ մտածելու հնարավոր հետևանքների մասին։ Բայց կան և շատ վարորդներ, որոնք պարզապես պատշաճ կերպով չեն տեղեկացվում այդ մասին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շահինյանը։

Նա հիշեցրեց, որ նախկինում որոշ մարդիկ, ունենալով ֆինանսական միջոցներ, չէին անհանգստանում և իրենց կարող էին թույլ տալ անսահմանափակ թվով խախտումներ կատարել երթևեկության ժամանակ և պատասխանատվության չենթարկվել` մուծելով միայն տուգանքներ, սակայն 9 բալանոց համակարգի ներդրումը զսպող լուրջ մեխանիզմ դարձավ, որպեսզի խախտումները չկրկնվեն։ Ըստ նրա` միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ տվյալ միջոցն իրեն արդարացնում է։
Անդրադառնալով այն հարցին, որ տուգանային առավելագույն 9 բալի քանակն անցնելու պատճառով հարուցված գործերը այժմ ոչ թե վարչական, այլ քրեական հետևանքներ են առաջացնում, Շահինյանն ընդգծեց, որ օրենքի խստացումը լրջացնում ու սթափեցնում է վարորդներին։
Շահինյանի դիտարկմամբ` 9 բալանոց տուգանային միավորների համակարգն այժմ այլընտրանք չունի, բայցևայնպես կատարյալ չէ։ Պետք է բարեփոխել 9 բալանոց համակարգը, վերանայել որոշ կետեր, որոնք առնչվում են կոնկրետ խախտումների բնույթին ու տեսակներին։
«Արտասահմանում բարձր եկամուտներ ունեցող անձանց նկատմամբ, ովքեր խախտումներ են կատարում, կիրառվում են պատժիչ այլ մեթոդներ։ Այսինքն` ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Օրինակ` միլիոնատեր մարդու համար 100 հազար դոլար տուգանքն առ ոչինչ է, այդ դեպքում նրանց նաև օրենքով պարտադրում են հասարակական գործունեություն ծավալել։ Շատերն են հավանաբար տեսել, թե ինչպես են հոլիվուդյան կինոաստղերը խախտումների համար Լոս Անջելեսի փողոցները մաքրում։ Դա նույնպես որոշակի զսպող մեխանիզմ է»,– ասաց նա։
Շահինյանի դիտարկմամբ` պետք է տուգանային բալերի կուտակման ժամանակ անպայման հաշվի առնել, թե կոնկրետ ինչ խախտումներ են կատարել վարորդները, և այդ տեսակետից համակարգն անշուշտ բարելավման կարիք ունի։
Հիշեցնենք, որ խախտումների համար սահմանված տուգանային 9 բալն արդեն կորցնելու պարագայում մեքենա վարելը համարվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։