Ինչի՞ մասին են Մյունխենում խոսել Փաշինյանն ու Ալիևը. մանրամասներ եռակողմ հանդիպումից

Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Մյունխենում ավարտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:
Հիշեցնենք` վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2022–ի հոկտեմբերի 31-ին Սոչիում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։