ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ: Տեղեկությունը նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում։
Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։
30 դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։