Քոչարյանի և Գաբրիելյանի հանդեպ խուլիգանություն անողներին մեղադրանք է առաջադրվել

Արխիվային լուսանկար
Հավաքի մասնակիցները հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Գաբրիելյանին, քաշքշել և հարվածներ հասցրել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանական 2 պատգամավորների` Անդրանիկ Քոչարյանի և Սիսակ Գաբրիելյանի հանդեպ խուլիգանական գործողություններ կատարած անձանց նկատմամբ, տեղեկանում ենք դատախազությունից։
Մասնավորապես, Գ.Բ.-ն, 2020-ի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով այդ օրերին կազմակերպվող հավաքներին, մի խումբ անձանց հետ խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Մասնավորապես, Գ.Բ.-ն հավկիթներով և ձնագնդիկներով հարվածներ է հասցրել Ազգային ժողովի շենքին մոտեցող պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենային, որի մեջ գտնվել է պատգամավորը: Դրանից հետո Գ.Բ.-ն բերման է ենթարկվել։
Այնուհետև, հավաքի մի խումբ մասնակիցներ ժամը 11:00-ի սահմաններում փակել են Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածը: Վերջիններիս միացած Ա.Ս.-ն և գործով չպարզված անձինք խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելայնի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:
«Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից և առաջարկել է բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Գաբրիելյանին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջև, որի ընթացքում Ա.Ս.-ն և ինքնությունները չպարզված մասնակիցները, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Գաբրիելյանին, քաշքշել և հարվածներ հասցրել նրան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ա.Ս.-ն նույնպես բերման է ենթարկվել։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գ.Բ.-ի և Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում (համապատասխանաբար քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից և քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից՝ հարվածներ հասցնելով կամ բռնի այլ գործողություններ կատարելով):