ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես` ժամը 16։00-ի սահմաններում 65-ամյա Վալերի Բ․-ի վարած «ԿամԱԶ» 5302 մակնիշի բեռնատարը` բարձված 20 տոննա ցորենով, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Թորոմանյան 39 տան երկաթե ցանկապատին, այնուհետև հայտնվել տան բակում,մխրճվել քարե շինության մեջ։ Վթարի հետևանքով տան որոշակի հատված փլուզվել է։ 20 տոննայից ավելի ցորենն ամբողջությամբ թափվել է բակում։
«ԿամԱԶ»–ի վարորդին տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ նշված բեռնատարը, մինչև վթարի ենթարկվելը, ավտոմեքենայի հետ ունեցել է տեխնիկական խնդիրներ, և Օհանավանում մեքենան բախվել է Lexus մակնիշի ավտոմեքենայի։ Այս պահին ոստիկանները ճշտումներ են կատարում։