Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն. Նիկոլ Փաշինյան

Արխիվային լուսանկար
Ադրբեջանը խոչընդոտում է նաև ՄԱԿ–ի` մասնավորապես, փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստացել միջազգային մի շարք հարթակներում։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Զուգահեռաբար, Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ, և հայտարարվում է, թե ԼՂ հայերն իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում` կարելի է գործնականորեն պատասխանել` ներկայացնելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։ Նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ–ի` մասնավորապես, փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը ԼՂ։
«Այս և նմանատիպ մի շարք գործողություններ և հայտարարություններ անկհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն»,-ասաց Փաշինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին Ալիևը Հայաստանին մեղադրել էր այն բանում, թե իբր Երևանը ամբողջությամբ չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես՝ ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը Արցախից։