Կոչ ենք անում խստորեն ու հասցեական դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյանը Բրազիլիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան ու դրա հետեւանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին վերաբերող մանրամասներ:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային գործընկերներին կոչ է անում խստորեն ու հասցեական դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:
Բրազիլիայի նորանշանակ դեսպանը սեպտեմբերի 1-ին իր հավատարմագրերն էր հանձնել ՀՀ նախագահին։
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն էր հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։