ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդունելով Հայաստան ժամանած Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին, հայտնում են կառավարությունից:
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին Հայաստանում կգտնվի հոկտեմբերի 4-5-ը։ Այցի շրջանակներում Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները։