Մոսկվայում կայացել է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի 2-րդ նիստը. ԱԳՆ

Մհեր Գրիգորյան. արխիվային լուսանկար
Նիստից առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի ու Մհեր Գրիգորյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Նիստը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Մինչ այդ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի ու Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։
Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ:
Պայմանավորվել են համաձայնեցված ժամկետում անցկացնել երրորդ հանդիպումը։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։