ՄԻԵԴ-ն արձագանքել է Բերձորի և Աղավնոյի բնակիչների իրավունքների պահպանման հարցին

ՄԻԵԴ-ը նշել է, որ Բերձորի և Աղավնոյի դեպքում նույնպես պետք է պահպանվի Բերձորի և Աղավնոյի բնակիչների կյանքի իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը, տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումների, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքների նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը, այն է` ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության` կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը։

Խոսքը, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելում) և 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելու մասին է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։ Դատարանը նույն պահանջն է ներկայացրել նաև Հայաստանին և կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։
Աղավնոյից 14 ընտանիք է դիմել Սյունիքում ապրելու համար. ի՞նչ աջակցություն կստանան նրանք
Հավելենք` Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտարարել է, որ տեղափոխվող արցախցիները նախ ժամանակավոր կացարաններ, վարձի փոխհատուցում կստանան, իսկ հետո` տուն գնելու սերտիֆիկատ։