Արզնիում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը

Եկեղեցին կառուցվել է 1881 թ.-ին։ Այն հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և պահպանվում է պետության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արզնի գյուղում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, տեղադրվել է խաչը: Տեղեկությունը հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։
Եկեղեցին կառուցվել է 1881թ.-ին։ Այն հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և պահպանվում է պետության կողմից։
Հայաստանի Հանրապետությունում ասորական 3 եկեղեցի կա:
Ասորական համայնքը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մեջ բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Ասորիները Հայաստանում բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո:
Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան` նրանք հաստատվել են Երևանի նահանգում` Երևանում ու ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում։