ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Կալանքի տակ գտվնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովում նոր փորձագետներ կընդգրկվեն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանին նման տեղեկանք են ներկայացրել Դատաբժշկական գիտագործնական բուժկենտրոնից։
«Անհրաժեշտ ենք համարում հանձնաժողովում ներառել առողջապահության նախարարության առաջատար մասնագետներին, յուրաքանչյուր մասնագիտության գծով 2-ական բժիշկ` էնդոկրինոլոգ, սրտաբան, նյարդաբան, ԼՕՌ, ուռոլոգ` բացառելով «Իզմիրլյան» ԲԿ-ի և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ-ի մասնակցությունը։ Առաջարկում ենք նաև վերջիններիս փորձագետ ճանաչվելուն զուգընթաց նրանց վերաբերյալ որոշում կայացնել կալանավայր մուտք գործելու թույլտվության մասին»,- ասված է բուժկենտրոնի տեղեկանքում, որն ընթերցեց Մարտիրոսյանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իրենց մոտ 1 շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի ներկայացնեն իրենց համար նախընտրելի բուժհիմնարկի, աշխատողների, բժիշկների ցանկը, ինչից հետո դատարանը քննության կառնի նրանց այդ հանձնաժողովում ընդգրկել-չընդգրկելու հարցը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 9-ին (սկիզբը՝ ժամը 14։00-ին)։
«Հովսեփյանին, հնարավոր է՝ առաջիկա օրերին վիրահատեն, դեռ չգիտենք, արդյոք նա կկարողանա՞ մասնակցել հաջորդ նիստին, թե՞ ոչ։ Որոշումը կայացվել է, սակայն այժմ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շատ բարձր է, փորձում են նվազեցնել, որպեսզի կարողանան վիրահատությունն իրականացնել»,- ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. այսօր հրատապ դատական նիստ անցկացվեց։
Նիստի ընթացքում փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, սակայն այն մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Հավելենք, որ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։