Հրապարակվել են Չինաստանի Ֆուցզյան նահանգում անցկացվող զորավարժությունների կադրերը

Կադրերում երևում է, թե ինչպես են զինվորականները ԱԹՍ-ներ գործարկում։ Ցուցադրվում է նաև հրետանու աշխատանքն ու հրթիռների արձակումը։
Sputnik
Չինական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ընթանում Թայվանի կղզու մոտակայքում գտնվող Ֆուցզյան նահանգում կազմակերպված զորավարժությունները։
ԶԼՄ-ների տեղեկություններով` դեպի Ֆուցզյան և հակառակ ուղղությամբ բոլոր ավիաչվերթերը չեղարկվել են։
Վերջին շաբաթում չինական բանակը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, այդ թվում` մարտական հրաձգությամբ։ Օգոստոսի 1-4-ը մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացվում Բոհայի ծոցի ջրատարածքում։ Հուլիսի 30-ին Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական հրամանատարության արևելյան և հարավային գոտիների վարժանքներն անցկացվել են Արևելաչինական և Հարավչինական ծովերում:
Շատ դիտորդներ չինական բանակի ակտիվությունը կապում են ոչ միայն ՉԺԱԲ-ի 95-ամյակի տոնակատարության, այլև ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ասիական շրջագայության հետ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, նա կայցելի Թայվան: