ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան կհանգեցնի Պեկինի «հզոր պատասխանին», բանակը «անգործության չի մատնվի», զգուշացրել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը CNN հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Պեկինը «կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։
Բարձրաստիճան չինացի դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը դրա համար «բոլոր իրավունքներն ունի»:
«Մենք լիակատար իրավունք ունենք անելու այն, ինչ անհրաժեշտ կհամարենք ստեղծված իրավիճակում, որը հաստատապես ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից»,-նախազգուշացրել է Ցին Գանը:
Նա հիշեցրել է, որ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը «անգործության չի մատնվի», և նրա գլխավոր խնդիրը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։
Օգոստոսի 2-ին Փելոսին ժամանել է Թայվան՝ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ միասին։ Սա ամերիկացի պաշտոնյայի առաջին այցն է կղզի 1997 թվականից ի վեր։ Այցը կտրուկ բողոք է առաջացրել Պեկինում, ինչին Վաշինգտոնը պատասխանել է իրավիճակի անհիմն էսկալացիայի վերաբերյալ մեղադրանքներով։ Փելոսիի Թայվան ժամանումից հետո Չինաստանի իշխանությունները հայտարարել են այսօր երեկոյան Թայվանի նեղուցում հրթիռային փորձարկումներ և մարտական հրաձգություններ անցկացնելու մասին: Ավելի վաղ էլ ՉԺՀ-ն հայտարարել էր, որ Թայվանի շրջակա ջրատարածքներում օգոստոսի 4-7-ը զորավարժություններ կանցկացվեն: