ՌԱԴԻՈ

Բագրատ Եսայանը պատրաստ է պայքարել իր հանդեպ հարուցված քաղաքական հետապնդման դեմ. փաստաբան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքները։
Sputnik
Բագրատ Եսայանի ձերբակալումը, նրա նկատմամբ կալանքի միջնորդություն ներկայացնելը, ինչպես նաև մեղադրանք առաջադրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենն է, իսկ տվյալ լրատվամիջոցը վերջին շրջանում գրանցել է դիտելիության աննախադեպ աճ, քանի որ շատ բովանդակային կերպով ու ակտիվորեն լուսաբանում է ներքաղաքական իրադարձությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բագրատ Եսայանի շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Հետևաբար զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` առաջատար մեդիառեսուրսներից մեկի տնօրենին փորձում են ուղարկել անազատության մեջ` այդկերպ խոչընդոտելով հասարակության տեղեկացված լինելը»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` երբ Բագրատ Եսայանին առավոտյան բերման են ենթարկել իր աշխատասենյակից Ազգային անվտանգության ծառայություն, այնտեղ ձերբակալել են և ձերբակալման արձանագրության մեջ նշել, որ ներկայացնելու են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Փաստաբանը ձերբակալությունը համարեց ոչ իրավաչափ և ապօրինի, ուստի կալանավորման միջնորդության քննության նիստով ձերբակալումը ևս կբողոքարկվի։
Եփրիկյանը հայտնեց, որ Բագրատ Եսայանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 225–րդ հոդվածի երկրորդ մասով (զանգվածային անկարգությունների հրահրում) և 164–րդ հոդվածի առաջին մասով (լրագրողի օրինական գործունեության խոչընդոտում)։ Ըստ նրա` նշված երկու հանցակազմերի իմաստով էլ կալանքի միջնորդությունը քննիչի կողմից հավանաբար այսօր կներկայացվի դատարան։

«Ըստ էության առերևույթ հանցավոր դեպքից անցել է մեկ տարի ութ ամիս, և ինձ համար առնվազն անհասկանալի է, թե վարույթ իրականացնող մարմինն ինչպիսի մտավախությամբ է առաջնորդվել, որ այդքան ժամանակ անց կալանքի միջնորդություն է ներկայացնում Բագրատ Եսայանի դեմ, ավելին` մեղադրանք է առաջադրում իբր նոր փաստական տվյալների ի հայտ գալու հիմքով, սակայն իմ ունեցած տեղեկություններով` նոր փաստական հանգամանքներ չկան»,– մանրամասնեց փաստաբանը։

Նրա խոսքով` Բագրատ Եսայանն իբր մի խումբ անձանց հետ մոտեցել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակին, և իբր նրանց գործողությունները եղել են զանգվածային անկարգություններ։
Փաստաբանի պնդմամբ` տվյալ հանցակազմը, բնականաբար, որևէ աղերս չունի այդ օրն իրականացված գործողությունների հետ, և կոնկրետ Բագրատ Եսայանի գործողությունները զանգվածային անկարգությունների հոդվածի երկրորդ մասի տրամաբանության հետ որևէ կապ չունեն։
Բերման ենթարկվելուց առաջ «Երկիր Մեդիայի» տնօրենը որևէ ծանուցում չի ստացել. Գեղամ Մանուկյան
Եփրիկյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, պատրաստ է իր նկատմամբ հարուցված քաղաքական հետապնդման դեմ պայքարել։ Նրան ԱԱԾ շենքից տեղափոխել են Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։
Հաշվի առնելով, որ քննիչի ներկայացրած միջնորդությունն այսօր կմուտքագրվի դատարան և որ անազատության հետ կապված խնդիրը ենթակա է անհապաղ քննության` այսօր երեկոյան կամ ավելի ուշ գուցե արդեն կլինի կալանավորման քննության դատական նիստը, հայտնի կլինի նաև դատավորը, և եթե նիստը կայանա, դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, ու այսօր կամ վաղն առավոտյան ենթադրաբար կհրապարակվի որոշումը։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության շենք և ձերբակալել տնօրեն Բագրատ Եսայանին։