ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանն արտոնյալ սակագնով 1500 տոննա սերուցքային կարագ կներկրի։ Այս արտոնությունը Հայաստանի համար սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ։
Որոշման կիրարկումը հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Գերատեսչությունում որոշել են, որ կարգավորումը կտարածվի Հայաստան կարագ ներմուծող բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա։
Էկոնոմիկայի նախարարության այս կարգավորումն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Որոշման համաձայն` ՀՀ ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանվել 2022 թվականի մարտի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը, առավելագույն չափը` 1500 տոննա։
Սերուցքային կարագի ներմուծման խնդիրներն առաջացել են ռուս-ուկրաինական իրադարձությունների հետևանքով։
Հայաստանը կարագ էր ներմուծում հիմնականում Ուկրաինայից ու Ռուսաստանից։
Ստեղծված իրավիճակն ու ռուբլու փոխարժեքի անկայունությունն անհնար են դարձրել անխափան մատակարարումների իրականացումը, ուստի ԵԱՏՄ-ում որոշել են Հայաստանի համար մաքսային արտոնյալ պայմաններ սահմանել երրորդ երկրներից կարագ ներկրելու նպատակով։