ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում գյումրեցի ՀՀԿ-ականների բնակարաններում: Մի քանիսի տներում արդեն խուզարկություն արվել է:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀԿ խորհրդի և Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը։ Նա նշեց, որ այսօր առավոտվանից, թմրանյութ փնտրելու պատրվակով, ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ՀՀԿ մի քանի ներկայացուցիչների բնակարաններում:
«Այս պահի դրությամբ 3-4-ի մասին տեղեկություն ունեմ: Խուզարկություններ են եղել են Գարիկ Ուզունյանի և Ռոլանդ Այվազյանի բնակարաններում: Փորձել են խուզարկել նաև Սիրեկան Ասատրյանի բնակարանը, բայց վերջինս տանը չի եղել: Գիտեմ, որ այլ անձանց բնակարաններ ևս փորձել են խուզարկել»,- նշեց Միրզոյանը։
Նա այս ամենը քաղաքական հետապնդում է որակում:
«Այնպիսի մարդկանց տներ են խուզարկել, որոնք վերջին շրջանում քաղաքական ակտիվություն են ցուցաբերում, նրանք թմրամիջոցների շրջանառության հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ։ Նպատակը վախեցնելն է, որ փողոցային պայքարը թուլացնենք: Ծիծաղելի է»,- ասում է Նարեկ Միրզոյանը։
ՀՀԿ խորհրդի անդամը հավաստիացնում է, որ իրավապահների այս գործողություները հակառակ ազդեցություն կունենան ու կնպաստեն, որ պայքարն ավելի ուժեղանա: