Ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա. Լևոն Քոչարյանին արդեն երկրորդ բաժնում չեն ընդունել

Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը ոստիկանական մեքենայի միջից ուղիղ եթեր է մտել և մանրամասներ հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, որն անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել Հանրապետության փողոցից, ոստիկանական մեքենայի միջից ուղիղ եթեր է մտել և հայտնում է, որ ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա, որպեսզի իրենց ընդունեն։
«Նախ մեզ բերեցին Զեյթունի բաժին, բայց ասացին` տեղ չկա, ու մեզ տեղափոխում են ոստիկանության Էրեբունու բաժին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Քոչարյանը։
Սակայն ուշագրավ այն է, որ ավելի ուշ նա կրկին ուղիղ միացմամբ հայտնեց, որ հիմա էլ Էրեբունու բաժանմունքում իրենց չեն ընդունում, քանի որ այնտեղ էլ տեղ չկա։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը մեծ ավտոբուսում է, որում շուրջ 20 ցուցարարներ կան։
Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։
Երևանում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրներից ավելի քան 150-ին ոստիկանություն են տարել
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։