«3+3» ձևաչափով նոր հանդիպում կլինի. ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են ժամկետը

Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան մտադիր է ակտիվորեն օգտագործել այդ ձևաչափը Հարավային Կովկասի երկրների ու դրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Անդրկովկասում «3+3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով աշխատանքը պահպանվում է, երկրորդ նիստի անցկացման նախապատրաստությունն ընթացքի մեջ է։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Ռուս դիվանագետը նշել է, որ այդ ձևաչափը պահանջված ու հեռանկարային մեխանիզմ է, Մոսկվան մտադիր է այն ակտիվորեն օգտագործել Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար:
«Այս փուլում ընթանում են ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։ Ակնկալում ենք այն անցկացնել մինչև առաջին կիսամյակի ավարտը», - նշել է փոխնախարարը։
Հարթակը նախատեսում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությունը: Սակայն Թբիլիսին առայժմ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը։ Առաջին նիստը կայացել է Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ «3+2» ձևաչափով: