ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթում Snap երգով հանդես եկած հայ մասնակից Ռոզա Լինը, որը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, ինստագրամյան իր էջում անդրադարձել է իր ելույթին և ապագա ծրագրերին։
Նա նշել է , որ Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց, ու որ ինքը շատ ուրախ է իրեն ընձեռված հիանալի հնարավորության ու փորձի համար:
Ռոզայի խոսքով` արտիստի համար ամենալավ պահն այն է, երբ հանդիսատեսը երգչի հետ միասին կատարում է նրա երգը:
«Ես այդ պահն ունեցել եմ ամեն անգամ, երբ կատարում էի Snap-ը: Եվ ես սրտանց շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Գալիս են նոր երգեր, նոր պատմություններ, նոր բարձունքներ կհաղթահարենք …»,- գրել է երգչուհին
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին՝ այս ամիսների ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար։
«Հիմա ժամանակն է շրջել էջը և շարունակել, և այս անգամ ոչ միայնակ, այլ միասին»,- գրել է նա ու շնորհավորել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի առաջին տեղը զբաղեցրած Ուկրաինայի Kalush Orchestra խմբին։