«Շտապօգնություն» ՓԲԸ-ում մեծ գումարներ են յուրացրել․ՊՎԾ

Խախտումների մասին տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ արդեն իսկ վճարված ծառայությունների դիմաց:
«Արդյունքում՝ 13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, որի դիմաց ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել է չհիմնավորված ֆինանսավորում՝ 17 595 320 ՀՀ դրամ չափով», - գրված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 2019-2021-ին մատուցված 724 անհամապատասխանություն է հայտնաբերվել վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմություններում։ Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկները ՓԲԸ-ի կողմից կրկնակի անգամ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ և ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել է չհիմնավորված 5 672 430 ՀՀ դրամ:
Խախտումների մասին տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։