ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մայրաքաղաք Երևանում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ոստիկանությունը։
«Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները»,–նշված է հայտարարության մեջ;
Ոստիկանությունը կոչ է անում չտրվել սադրանքներին և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Հավելենք, որ մայիսի 10–ին ՄԻՊ մամուլի ծառայությունը հայտնել էր` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերին բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։