ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար։ Երևանում ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ կայացած Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից։
Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
«Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը ամբողջապես իրացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով Իրանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ ինտեգրման հարցում՝ Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու այդ գործընթացը, ինչպես նաև բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն»,–ասել է փոխվարչապետը։
Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստ
© Photo : official site of the Government of RA
Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը՝ Գրիգորյանը նշել է, որ կարևորում է էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի երկարաձգման, Հյուսիս-Հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ: Իսկ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի հետ ՀՀ երկաթուղային կապի հաստատումը գտնվում է ՀՀ օրակարգային կարևորագույն հարցերի շարքում։
Փոխվարչապետը նշել է, որ արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:
Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նաև տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։