ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովն աշխատում է ռուսական նավթի հնարավոր էմբարգոյի հարցում բոլոր անդամ երկրների համար ընդունելի որոշումներ գտնելու ուղղությամբ՝ հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Սամերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք միշտ ճանաչել ենք յուրահատուկ իրավիճակների գոյությունը մի շարք երկրներում և նրանց օրինական մտավախությունները։ Մենք աշխատում ենք դրա հետ կապված բոլոր հարցերի շուրջ ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ»,-ասել է նա։
Սամերը հավելել է, որ ֆոն դեր Լյայենի այցը Հունգարիա «նվիրված էր հարցի քննարկմանը քաղաքական և տեխնիկական մակարդակներում» և կոնկրետ որոշումների ընդունում չէր ենթադրում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆոն դեր Լյայենը մայիսի 9-ին մեկնել է Հունգարիա՝ այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ էներգամատակարարման հարցերը քննարկելու: Ինչպես բանակցությունների արդյունքում հայտնել Է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, հանդիպման ընթացում որոշ առաջխաղացում է եղել, սակայն դեռ շատ բան պետք է քննարկել, որպեսզի Բուդապեշտը կարողանա փոխել իր դիրքորոշումը ԵՄ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ, որը ներառում է ռուսական նավթի էմբարգոն:
Հունգարիան և ԵՄ մի շարք այլ երկրներ արգելափակում են ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցների 6-րդ փաթեթի ընդունումը՝ նավթային էմբարգոյի սահմանման հետ անհամաձայնության պատճառով: