Հնչեց ամբողջ աշխարհում․Հայաստանի ռադիոսիրողները շնորհավորեցին բոլորին Հաղթանակի օրվա առթիվ

Իրենց հավաքական ռադիոկայանից Հայաստանի ռադիոսիրողները շնորհավորանքներ են փոխանցել Հաղթանակի օրվա առթիվ և լռության րոպե հայտարարել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի– Sputnik, Արամ Գարեգինյան. Ամբողջ աշխարհի ռադիոսիրողները Հայաստանից շնորհավորանքներ են լսել Հաղթանակի օրվա առթիվ։ Հաղորդագրությունն ընթերցել են մի խումբ ռադիոսիրողներ, որոնք հավաքվել էին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում, որը գտնվում է Երևանից ոչ հեռու Գետարգել գյուղում:

«Մենք հավաքվել ենք հարգանքի տուրք մատուցելու ֆաշիզմի դեմ պայքարած բոլոր մարտիկների հիշատակին, որոնց թվում եղել են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ։ Նրանցից շատերը ծառայել են նաև կապի զորքերում»,- ասել է Հայաստանի Ռադիոսպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Սամվել Խաչատրյանը։

Եթեր դուրս գալով և հաղորդագրություն ուղարկելով՝ հայ ռադիոսիրողները նույնպիսի շնորհավորական ուղերձներ են ստացել այլ երկրների գործընկերներից։

Սա արդեն ավանդույթ է

Առաջին անգամ չէ, որ հայ ռադիոսիրողները «Հիշողության ժամեր» են անցկացնում։ Անցած տարի հանդիսավոր հաղորդագրությունն էին ուղարկել 1941թ․-ի նոյեմբերի 7-ին Կարմիր Հրապարակում անցկացված շքահանդեսի տարելիցի առթիվ, ինչպես նաև Սուվորովի ղեկավարությամբ ռուսական բանակի կողմից Իսմայիլի ամրոցի գրավման օրվա առթիվ (դեկտեմբերի 24-ին. Ռուսաստանի Ռազմական փառքի օրերից մեկն է)։
Եթեր դուրս գալուց առաջ ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյանը (հայտնի բժիշկ Արա Բաբլոյանի որդին) լռության րոպե հայտարարեց։ Լռության րոպե է հայտարարվել նաև ամբողջ աշխարհի սիրողական ռադիոեթերում։
ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյանը
Հայաստանի ռադիոսիրողների կոլեկտիվ ռադիոկայանն ամեն տարի եթեր է դուրս գալիս նաև ապրիլի 24-ին։ Վերջին տարիներին՝ լսելով նրանց հաղորդագրությունները, հարևան երկրի ռադիոսիրողները սկսում են հայկական քարոզչությանը չհավատալու կոչեր անել։ Ճիշտէ, մնացած ռադիոտարածքի արձագանքը միանշանակ է․կարիք չկա ինչ-որ բան ապացուցելու, պատմությունը բոլորը լավ գիտեն։

Մեկ քայլ` մինչև ինժեներ

Նախկինում ռադիոսպորտի խմբակներ կային հանրապետության մի քանի ԴՕՍԱԱՖ-ներում, հիմա միայն կենտրոնակայանում են մնացել (Երևանի կրկեսի շենքի մոտ)։ Շատ ավելի քիչ երեխաներ են գալիս սովորելու, քան առաջ։
Առայժմ ռադիոսիրողների շրջանակը բաղկացած է միջին և ավագ տարիքի մի քանի տասնյակ մարդկանցից և ոչ մեծ թվով դպրոցականներից և ուսանողներից, որոնց ավագ սերունդն է «հավեսի գցել»։
Այդպիսի ուսուցիչների հետ կարելի է, օրինակ, երկրագնդի մի կետից մյուսն ազդանշան ուղարկել Լուսնի օգնությամբ (ռադիոազդանշանը հասնում է Լուսնին, անդրադառնում և վերադառնում Երկրի այլ կետ)։
Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայում
Դպրոցականների շրջանում ռադիոսպորտը տարածելու համար ֆեդերացիան մոտ 10 տարի է, ինչ օգնում է ռադիոտեխնիկայի խմբակ վարել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Բացի այդ, նախորդ տարի Ամբերդում ֆեդերացիան «Աղվեսաորսի» մրցումներ է անցկացրել (որտեղ մասնակիցներին ընդունիչներ են բաժանում, որոնց օգնությամբ նրանք պետք է հատված-տեղանքում գտնեն ռադիոընդունիչները)։ Մեծերի և պատանիների խմբերը մրցումների են եկել սեպտեմբերին, երբ այդ տարածքում արդեն ձյուն էր։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ստիպված է եղել մի քանի կիլոմետր քայլել ու վազել։
Ֆեդերացիայի օգնությամբ նման մրցաշար են անցկացրել նաև «Իրական դպրոցի»՝ հայկական Instigate ՏՏ-ընկերության հիմնադրած փորձնական վարժարանի աշակերտները։ Նրանց մասնակցությամբ նույնպիսի «որս» է անցկացվել Բյուրականի անտառներում, Երևանից հյուսիս ընկած լեռներում։
Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայում
Աշակերտներից ոմանք առաջադրանքներ են ստացել (այստեղ դրանք կուրսային աշխատանքներ են կոչվում)՝ ուսումնասիրել ռացիաների և ազդանշանների տարածման սկզբունքը։ Այս փորձից հետո մեկ քայլ է մինչև համալսարան՝ ինժեներական ֆակուլտետում սովորելու։ Իսկ Հայաստանում հիմա լավ ինժեների կարիք կա։