Եթե իշխանությունը երկմտանքի մեջ է, ներքաղաքական իրավիճակը կարող է ուժ տալ. Տիրան Խաչատրյան

Տիրան Խաչատրյան
ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալի խոսքով` ակցիաներն ոգին ավելի բարձրացնող, կազմակերպչական առումով միասնականության տանող երևույթ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ ներքաղաքական իրավիճակը կարող է որոշակի առումով դրական ազդեցություն ունենալ արտաքին քաղաքական հարցերի վրա։ Նա այս տեսակետը հայտնեց Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում։

«Եթե այսօրվա իշխանությունները երկմտանքի մեջ են հակառակորդի հետ բանակցություններում, ներքաղաքական իրավիճակը կարող է իրենց ուժ տալ։ Ես չեմ տեսնում նման բան, որ ակցիաները կարող են բացասական իմաստով ազդել ինչ-որ գործընթացի վրա։ Սա ավելի ոգի բարձրացնող, կազմակերպչական առումով միասնականության տանող երևույթ է»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե ինչու է միացել ընդդիմությանը, քանի որ իշխանությունն ասում է` այս ամենը աթոռակռիվ է, Խաչատրյանը պատասխանեց, թե իր ձայնը միացրել է ընդդիմությանը, քանի որ կարծում է` այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը միայն վտանգավոր և սպառնալի է երկրի համար։
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ու նրանց կողմնակիցները Եռաբլուր են այցելել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։