ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ոստիկանությանը կոչ արեց ստուգել ընդդիմադիրների «ապաստարանները»` թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը կանխելու համար։
«Կոչ եմ անում ոստիկանության ԹԱՇԴՊ (Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի) վարչության աշխատակիցներին հնարավորինս շուտ մտնել ու ստուգել այդ մարդկանց ապաստարանները` որպես այդպիսին, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր»,– ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում 41-ամյա մի տղամարդ էր մահացել, նախնական վարկածով` սրտի կաթվածից։
Ըստ ականատեսների` նա հրապարակից երթի էր դուրս եկել, բայց ճանապարհին իրեն վատ էր զգացել, ընկերոջ հետ վերադարձել վրանների մոտ։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել էր, որ քաղաքացին մահացել է մայիսի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում։