Հանուն հայրենիքի 40 տարի նստել է, 3 ժամ էլ կդիմանա. Համբիկ Սասունյանն է բերման ենթարկվել

Ոստիկանները բերման ենթարկում քաղաքացիներին։
Համբիկ Սասունյանը 39 տարի ամերիկյան բանտում անցկացնելուց հետո նախորդ տարի ազատ է արձակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ոստիկանները բերման են ենթարկել նաև Համբիկ Սասունյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Համբիկ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2021-ին ազատ է արձակվել։
««Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին… Ձեզ բա՛րձր ծափահարություններ ՔՊ ֆրակցիայի ու ողջ թուրք ժողովրդի անունից… Համբիկը հանուն հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա»,- գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից վրեժ լուծելու նպատակով 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկ Սասունյանը Լոս Անջելեսում` Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում, համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր լուսանցույցի կարմիր լույսի տակ։