44-օրյա պատերազմին առնչվող քրգործը հանձնվել է ՔԿ–ին. Գոռ Աբրահամյան

Քննչական կոմիտե
Գլխավոր դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ Արցախյան 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել Քննչական կոմիտեին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Դավթյանն առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով։
53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաև քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ 190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։
Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի ապրիլի 18-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և հետաքննել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի տարածքները հանձնելու մասին հայտարարությունները։
Ապրիլի 25-ից հարազատները պահանջում էին պատասխանել իրենց դիմումին։ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գործը Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել։